Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք

1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 1.  Ընդհանուր դրույթներ

 

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները և երաշխիքները:

 

Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը

 

Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:

 

Հոդված 3. Պաշտպանի ընտրությունը

 

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից:

Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ:»:

3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:

4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:

 

Հոդված 4. Պաշտպանի` այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

 

1. Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

2. Պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Պաշտպանը պարտավոր է սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործունեությունն ընդհատել պաշտոնավարության անցնելուց հետո` ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:

 

Հոդված 5. Պաշտպանի անկախությունը

 

1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի:

2. Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում` նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:

 

Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը

 

1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝

1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

2) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն.

3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.

4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) նա մահացել է։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

 

Հոդված 6.1. Պաշտպանը միջազգային իրավունքի բնագավառում

 

Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: