Պաշտպանին առընթեր խորհուրդներ

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ՝ Պաշտպան) առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կազմավորման եւ գործունեության կարգը, նպատակը, գործառույթները, Խորհրդի անդամների կարգավիճակը, նրանց լիազորութ¬յունների կասեցման եւ դադարեցման հիմքերը:
2. Խորհուրդը գործում է սույն կարգով սահմանված կարգավիճակի ծավալով եւ իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ սույն կարգով:
3. Խորհուրդը գործում է գաղտնիության, օրինականության, արդարության, թափանցիկության եւ անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով՝ սույն կարգով սահմանված գործառույթների ծավալով եւ Պաշտպանի որոշմամբ նախատեսված ժամկետով:



ԳԼՈՒԽ 2.

ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Խորհուրդը ձեւավորվում է Պաշտպանի որոշմամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ (կամ) անկախ մասնագետներից: Խորհրդում կարող են ընդգրկվել կամ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ զինվորական ծառայություն անցնող կամ պահեստազորում հաշվառված զինծառայողներ կամ զինծառայողի ընտանիքի անդամներ:
6. Խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը, իսկ Պաշտպանի բացակայության դեպքում` նրա որոշմամբ Պաշտպանի համապատասխան տեղակալը:
7. Խորհուրդն ունի քարտուղար, որի պարտականությունները կատարում է Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների հարցերով պատասխանատու պաշտոնատար անձը:
8. Խորհրդի անդամները Խորհրդում ընդգրկվում են Պաշտպանի որոշմամբ՝ մինչեւ 2 տարի ժամկետով:
9. Խորհուրդը բաղկացած է ոչ պակաս, քան 5 եւ ոչ ավելի, քան 10 անդամից:
10. Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խորհրդում կարող է ունենալ առավելագույնը մեկ ներկայացուցիչ:
11. Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 3.

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


12. Խորհրդի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
13. Խորհրդում հասարակական կազմակերպության ներկայացուցչի կամ անկախ մասնագետի ընդգրկման հարցը լուծելիս նախապատվությունը տրվում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատանքի մասնագիտություն կամ համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձանց:

 


ԳԼՈՒԽ 4.

ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ


14. Խորհրդի նպատակը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է:
15. Խորհրդի խնդիրներն են՝
     1) աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների (այսուհետ՝ զինծառայողներ) իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ.
     2) նպաստել զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության եւ իրազեկվածության բարձրացմանը.
     3) զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումը եւ դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելը.
     4) զինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված գործող օրենսդրության ուսումնասիրությունների եւ վերլուծությունների իրականացման, օրենսդրության մեջ առկա թերությունների վերհանման, զինվորական իրավահարաբերությունների կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրության, այցելությունների իրականացման հիման վրա Պաշտպանի աշխատակազմին մասնագիտական կարծիք եւ փորձագիտական գնահատական տրամադրելը.
     5) Պաշտպանի՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակներում, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին սոցիալ-հոգեբանական եւ իրավական աջակցության տրամադրումը:
16. Խորհրդի անդամը կամ Խորհրդի նիստերին մասնակցող անձն իրավունք չունի`
     ա) առանց Պաշտպանի համաձայնության հրապարակել զինծառայողների անձնական կյանքի վերաբերյալ տվյալները.
     բ) Խորհդի նիստերի ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները տրամադրել որեւէ կազմակերպության, դրանք օգտագործել անձնական կամ այլ նպատակներով.
     գ) Խորհրդի անդամի կարգավիճակից բխող դիրքն օգտագործել Խորհրդի գործունեության շրջանակներից դուրս այլ գործողություններ իրականացնելու նպատակով.
     դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն Կարգին հակասող գործողություններ:
17. Պաշտպանը օրենքի պահանջների պահպանմամբ կարող է Խորհրդի քննարկմանը ներկայացնել Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խորհրդի անդամը, օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, Պաշտպանի ներկայացմամբ իրավունք ունի մասնակցել Պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հարցերի քննարկմանը:
18. Խորհրդի անդամն իրեն վերապահված իրավունքները կարող է իրականացնել միայն սույն Կարգով նախատեսված նպատակի եւ խնդիրների իրականացման համար:


ԳԼՈՒԽ 5.

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ


19. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ, որոնք վարում է Պաշտպանը, իսկ Պաշտպանի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ Պաշտպանի համապատասխան տեղակալը:
20. Խորհրդում կարող են քննարկվել զինծառայողների իրավունքների ապահովման վերաբերյալ ինչպես տեղական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցները կամ հաշվետվությունները, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ զինվորական իրավահարաբերությունների կարգավորման, զինապարտների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրները եւ ոլորտի առնչվող այլ հարցեր:
21. Խորհրդի նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում դռնփակ, իսկ Խորհրդի գրավոր որոշմամբ՝ նաեւ դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
22. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատողները:
23. Խորհրդի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգի մասին:
24. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
25. Խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ են քվեարկել Խորհրդի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
26. Խորհրդի անդամները նիստերի ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումը գրավոր կամ բանավոր ձեւով արտահայտելու հարցում:
27. Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Պաշտպանի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:


ԳԼՈՒԽ 6.

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

28. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են Պաշտպանի որոշմամբ, եթե` նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Խորհրդի անդամի լիազորությունները կարող են կասեցվել նաեւ Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան պատճառաբանված միջնորդության առկայության դեպքում:
Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վերականգնվել Պաշտպանի որոշմամբ, եթե վերացել են սույն կետի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված հանգամանքները:
29. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Պաշտպանի որոշմամբ, եթե`
     ա) լրացել է նրա լիազորությունների ժամկետը.
     բ) առկա է նրա դիմումն իր լիազորությունների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.
     գ) առկա է Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան միջնորդությունը.
     դ) առկա է նրա թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ.
     ե) նա լիազորություններն իրականացնելիս կատարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն Կարգի պահանջները խախտող գործողություններ.
     զ) նրա նկատմամբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
     է) նա մահացել է:


ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


30. Սույն Կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են Պաշտպանի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առաջարկությամբ:

  • Արթուր Աթանեսյան

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

  • Էմիլ Ամիրխանյան

Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

  • Դավիթ Գևորգյան

ԵՊՀ հոգեբանական կլինիկայի տնօրեն

 

  • Սերգեյ Հարությունյան

«Օգնություն եւ իրավունք» ՀԿ նախագահ

 

  • Տարոն Սիմոնյան

«Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

  • Արթուր Կոբելյան 

«Հանրային զարգացմանեւ հոգեբանական աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու

 

  • Կարեն Հովհաննիսյան

«Հայոց ազգային բանակ» քաղաքացիական ծրագրի ղեկավար

 

  • Համեստ Ներսիսյան

ԼՂՀ պաշտպանության բանակի կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ` Պաշտպան) առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի գործունեության սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ)  կազմավորման եւ գործունեության կարգը, նպատակը, գործառույթները, Խորհրդի անդամների կարգավիճակը, նրանց լիազորութ­յունների կասեցման եւ դադարեցման հիմքերը:
     
  2. Խորհրդի ստեղծումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա Պաշտպանի` որպես «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ uահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում մասնագիտական եւ խորհրդատվական աջակցություն ստանալու անհրաժեշտությամբ:
     
  3. Խորհուրդը գործում է սույն կարգով սահմանված կարգավիճակի ծավալով եւ իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ սույն Կարգով:
     
  4. Խորհուրդը գործում է գաղտնիության, օրինականության, արդարության, թափանցիկության եւ անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
     
  5. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով՝ սույն Կարգով սահմանված գործառույթների ծավալով եւ Պաշտպանի որոշմամբ նախատեսված ժամկետով:
     
  6. Սույն կարգի իմաստով ազատությունից զրկման վայրեր են համարվում ձերբակալված անձանց պահելու վայրերը, քրեակատարողական հիմնարկները, ազատազրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային    միջոցները, ինչպես նաեւ ցանկացած այլ վայր, որտեղ պաշտոնեական լիազորությունների շրջանակում գործող կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն  օգտագործող անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկվել ազատությունից, ինչպես նաեւ ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության:

 

 

ԳԼՈՒԽ 2

ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ

 

  1.  Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա:

 

 

ԳԼՈՒԽ  3

ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Խորհուրդը ձեւավորվում է Պաշտպանի որոշմամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից:
  2.  Խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը, իսկ Պաշտպանի բացակայության դեպքում` նրա որոշմամբ Պաշտպանի համապատասխան տեղակալը:
  3. Խորհուրդն ունի քարտուղար, որի պարտականությունները կատարում է Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը կամ նրան փոխարինող անձը:
  4. Խորհրդի անդամները Խորհրդում ընդգրկվում են Պաշտպանի որոշմամբ՝ մինչեւ 2 տարի ժամկետով:
  5. Խորհրդում հասարակական կազմակերպության ներկայացուցչի կամ անկախ մասնագետի ընդգրկման հարցը լուծելիս նախապատվությունը տրվում է նրանց, ովքեր ունեն գործունեության փորձ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում:
  6. Խորհուրդը բաղկացած է ոչ պակաս, քան 5 եւ ոչ ավելի, քան 15 անդամից:
  7. Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խորհրդում կարող է ունենալ առավելագույնը մեկ ներկայացուցիչ:
  8.  Խորհրդի անդամին Պաշտպանի կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ՝ վկայական (Ձեւ 1):
  9.  Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Կարգին համապատասխան՝ Պաշտպանի որոշմամբ` Խորհրդի անդամների հետ քննարկման հիման վրա:

 

 

ԳԼՈՒԽ 4

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

 

  1.  Խորհրդի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
  2.  Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատանքի մասնագիտություն եւ համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

       Խորհրդի անդամը պետք է դրսեւորի իրեն որպես բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձնավորություն:

  1.  Խորհրդի անդամը միաժամանակ չի կարող լինել մոնիթորինգային գործառույթներ իրականացնող այնպիսի հասարակական կամ որեւէ այլ խմբի անդամ, որը մոնիթորինգներ է իրականացնում խոշտանգումների կանխարգելման ոլորտում:

Ընտրված վայրում իր կողմից մոնիթորինգ իրականացնելու անհնարինության, շահերի բախման կամ նրա անաչառությանն առնչվող այլ խնդրահարույց իրավիճակի առկայության դեպքում, հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշում կայացնելը, պետք է այդ մասին տեղյակ պահի Պաշտպանին։


 

ԳԼՈՒԽ  5

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը, սույն կարգի պահանջներին համապատասխան, իրականացվում է այդ վայրեր պարբերական այցերի միջոցով:
  2. Խորհրդի կողմից պարբերական այցելության ենթակա վայրերը եւ ժամանակացույցը հաստատվում են Պաշտպանի որոշմամբ` Խորհրդի անդամների հետ քննարկման հիման վրա: Դրանից դուրս Խորհրդի անդամներն այլ այցեր կարող են կատարել միայն Պաշտպանի որոշմամբ:
  3. Սույն Կարգում նշված վայրեր պարբերական այցերը կատարվում են Խորհրդի առնվազն երկու անդամի կամ Խորհրդի մեկ անդամի եւ Պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցչի կողմից (այսուհետ՝ Խորհրդի աշխատանքային խումբ):
  4. Պաշտպանի որոշմամբ իր աշխատակազմի կողմից իրականացվող այցերին կարող են մասնակցել նաեւ խորհրդի մեկ կամ մի քանի անդամ, եթե այցի ընթացքում անհրաժեշտ են հոգեբանության, բժշկության կամ այլ ոլորտի հատուկ գիտելիքներ:
  5.  Խորհրդի անդամը մոնիթորինգի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սույն Կարգի պահանջների պահպանմամբ, իրավունք ունի`

ա) առանց համապատասխան իրավասու մարմնին նախապես զգուշացնելու ցանկացած օր (այդ թվում` ոչ աշխատանքային) անարգել մուտք գործել ցանկացած վայր, որտեղ անձինք զրկված են ազատությունից, դրանց կառույցներ կամ շինություններ, առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվել ազատությունից զրկված անձանց հետ, ինչպես նաեւ զրուցել վարչակազմի ցանկացած աշխատակցի հետ, ով, Խորհրդի անդամի կարծիքով, կարող է ընթացքում առաջացած հարցերի կապակցությամբ անհրաժեշտ տեղեկություններ կամ պարզաբանում տրամադրել.

բ) ազատությունից զրկված անձի գրավոր համաձայնությամբ, իրականացնել նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների լուսանկարում կամ տեսագրում.

գ) ծանոթանալ ազատությունից զրկման վայրում առկա անհրաժեշտ փաստաթղթերին, այդ թվում` ազատազրկված անձի գրավոր համաձայնությամբ` անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերին, բացի օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններից:

  1. Խորհրդի կամ աշխատանքային խմբի անդամն իրավունք չունի`

ա) հրապարակել կատարված այցելության վերաբերյալ տվյալներ՝ առանց Պաշտպանի համաձայնության եւ Խորհրդում հարցը քննարկելու, իսկ ազատությունից զրկվածի անձնական կյանքի վերաբերյալ տվյալների դեպքում՝ նաեւ առանց այդ անձի գրավոր համաձայնության.

բ) կատարված այցելությունների ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները տրամադրել որեւէ կազմակերպության, դրանք օգտագործել անձնական կամ այլ նպատակներով, բացի Խորհրդի գործունեությանն առնչվող նպատակներից.

գ) Խորհրդի անդամի կարգավիճակից բխող դիրքը, ինչպես նաեւ Պաշտպանի կողմից տրված վկայականն օգտագործել Խորհրդի գործունեության շրջանակներից դուրս այլ գործողություններ իրականացնելու, այդ թվում` այլ միջոցառման կամ ծրագրի շրջանակներում ազատությունից զրկման վայրեր այցելելու նպատակով:

դ) իր լիազորություններն իրականացնելիս կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն Կարգին հակասող գործողություններ:

  1.  Խորհրդի անդամն իրեն վերապահված իրավունքները կարող է իրականացնել միայն սույն Կարգով նախատեսված նպատակների իրականացման համար:
  2.  Խորհրդի աշխատանքային խումբը յուրաքանչյուր այցելությունից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է այցելության արդյունքներն ամփոփող փաստաթուղթ եւ հանձնում է Խորհրդի քարտուղարին, ով իր հերթին նշված փաստաթուղթը փոխանցում է Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությանը: Եթե այցը կատարվել է Խորհրդի մի քանի անդամների կողմից, ապա այցելության արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել մյուս անդամների կարծիքի հետ չհամընկնող առանձին կարծիք:
  3.  Խորհրդի կողմից կատարված աշխատանքների արդյունքները Պաշտպանի կողմից հաշվի են առնվում ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ հրապարակային զեկույցներ կամ հաղորդումներ կազմելիս:

 

 

ԳԼՈՒԽ 6

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1.  Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ, որոնք վարում է Պաշտպանը, իսկ Պաշտպանի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ Պաշտպանի համապատասխան տեղակալը:
  2. Խորհրդում կարող են քննարկվել ազատությունից զրկման վայրերի կամ այդ վայրերում պահվող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ ինչպես տեղական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցները՝ անհրաժեշտության դեպքում դրանց հիման վրա այցելություններ իրականացնելու նպատակով:
  3. Խորհրդի նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում դռնփակ, իսկ Խորհրդի գրավոր որոշմամբ՝ նաեւ դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
  4. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատողները:
  5. Խորհրդի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգի մասին:
  6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
  7. Խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ են քվեարկել Խորհրդի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
  8. Խորհրդի անդամները նիստերի ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումը գրավոր կամ բանավոր ձեւով արտահայտելու հարցում:
  9. Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Պաշտպանի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

 

 

ԳԼՈՒԽ 7

 ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

  1. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են Պաշտպանի որոշմամբ, եթե` նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են կասեցվել նաեւ Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան պատճառաբանված միջնորդության առկայության դեպքում:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վերականգնվել Պաշտպանի որոշմամբ, եթե վերացել են սույն կետի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված հանգամանքները:

  1. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Պաշտպանի որոշմամբ, եթե`

ա) լրացել է նրա լիազորությունների ժամկետը.

բ) առկա է նրա դիմումն իր լիազորությունների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.

գ) առկա է Խորհրդի անդամների երկու երրորդի համապատասխան միջնորդությունը.

դ) առկա է նրա թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ.

ե) նա լիազորություններն իրականացնելիս կատարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն Կարգի պահանջները խախտող գործողություններ.

զ) նրա նկատմամբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:

ե) նա մահացել է:

 

 

ԳԼՈՒԽ 8

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1.  Սույն Կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են Պաշտպանի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առաջարկությամբ:

 

  • Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ

 

  • Արթուր Աթանեսյան

Անկախ փորձագետ, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ

 

  • Միքայել Արամյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ

 

  • Արշակ Գասպարյան

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ

 

  • Արթուր Պոտոսյան

«Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն

 

  • Վարուժան Սեդրակյան

«Հայաստանի մանկական ասոցիացիա» ՀԿ

 

  • Դավիթ Գեւորգյան

ԵՊՀ, «Կիրառական հոգեբանության կենտրոնի» տնօրեն

 

  • Աննա Մարգարյան

ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ, «Քրեական իրավունք» ամբիոնի դոցենտ

 

  • Սոնա Առաքելյան

Անկախ փորձագետ սոցիալական աշխատանքի գծով

 

  • Մարիամ Սարգսյան

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ